Երեվանի տեսարժան վայրերը

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է և «հավիտենական քաղաք» Հռոմից մեծ է 29 տարով: Այն հիմնադրվել է ուրարտական Արգիշտի արքայի կողմից, Ք.ա. 782թ.: Քաղաքի անունը ծագում է հին քաղաք-ամրոց Էրեբունու անունից: Հենց այդ քաղաք-ամրոցի կողքին էլ կառուցվել ու ընդլայնվել է ժամանակակից Երևանը: Այդ մասին են վկայում սեպագիր արձանագրությունները, որոնք հայտնաբերվել են ամրոցի տարածքում: Այս ամրոցն ու կից գործող հնագիտական թանգարանը Երևանի տեսարժան վայրերից մեկն են: Այժմյան Երևանի տարածքը ձգվում է մինչև մեկ այլ վաղեմի բնակավայր՝ Թեյշեբաինի: Այստեղ ձեզ ցույց կտան պեղումների ժամանակ հայտնաբերված խոշոր ամրոցի ավերակներ՝ ավելի քան 4 հա, էնեոլիթի և վաղ բրոնզե դարի՝ մ.թ.ա. 13-8-րդ դարերի նախաուրարտական բնակավայրի մնացորդներ:
Երևանի տեսարժան վայրերից մեկը Ծիծեռնակաբերդն է, որի տարածքում է գտնվում ոչ միայն երևանցիների, այլև ողջ աշխարհի հայերի համար հիշարժան հուշահամալիրը՝ նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին: Այն ուշագրավ է և ներքին բովանդակությամբ, և ճարտարապետական լուծմամբ:
Քաղաքի տեսարժան վայր է համարվում 1944-1952թթ. կառուցված Մատենադարանը, որտեղ պահպանվում են հին ձեռագրերը: Վերջերս կատարված վերակառուցումից ու նոր մասնաշենքի կառուցումից հետո Մատենադարանը գործում է որպես թանգարան և գիտական կենտրոն: Այստեղ հավաքված են ավելի քան 17 հազար հին ձեռագրեր և ավելի քան 100 հազար հին արխիվային փաստաթղթեր՝ ոչ միայն հայերեն, այլև արաբերեն, ռուսերեն, պարսկերեն և այլ լեզուներով:
Երևանի տեսարժան վայրերի շարքում ձեզ ցույց կտան գեղեցիկ Մարզահամերգային համալիրը, որտեղ կազմակերպվում են տարբեր ժամանցային միջոցառումներ, Էքսպո ցուցահանդեսներ:
Իհարկե, դուք կտեսնեք քաղաքի մեկ այլ տեսարժան վայր ևս՝ Օպերայի ու բալետի թատրոնը, որի կողքին գտնվում է գեղեցիկ Կարապի լիճը:
Երևանի տեսարժան վայրեր են նաև բազմաթիվ թանգարաններն ու տուն-թանգարանները, արվեստի ու գրականության խոշոր գործիչների հուշարձանները՝ Ս.Փարաջանովի, Ա.Խաչատրյանի, Մ.Սարյանի և այլոց: Եվս մեկ տեսարժան վայր է Հանրապետության Հրապարակը՝ գեղեցիկ կառավարական շենքերով, հյուրանոցներով ու «երգող» շատրվանային համալիրով: 
Երևանում ձեզ ցույց կտան մեկ այլ տեսարժան վայր՝ Կասկադ համալիրն իր շատրվաններով ու մոդեռնիստական հուշարձաններով: 
Տեսարժան վայրերն անվերջ կարելի է թվարկել ու պատմել դրանց մասին:
Կարդալ ավելին

Copyright © 2015 
Продвижение - IT Manager LLC

Design by W3layouts