Աշխարհագրական դիրքը

Ջերմուկ քաղաքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան հատվածում, Վայոց ձորի մարզում: Այն շրջափակված է Վարդենիսի և Սյունյաց ալպիական փարթամ բուսականությամբ ու անտառապատ լեռներով, որոնց բարձրությունը հասնում է 2500-3000 մետրի : Առողջարանային այս քաղաքի հարավ-արևմուտքում գեղատեսիլ Արփայի կիրճն է։ Ջերմուկ քաղաքի միջով հոսում է Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը`Արփան, որն էլ քաղաքը բաժանում է երկու մասի:
Արփայի վտակներից է աղբյուրներից գոյացած Ջերմուկ գետը․ գետաբերանի մոտ առաջացել է 80 մետրից ավելի բարձրություն ունեցող մի հիասքանչ ջրվեժ: Հայտնի են հատկապես Արփայի աջ և ձախ ափերին գտնվող՝ թվով 36 բուժիչ տաք աղբյուրներով՝ ջերմուկներով, որոնք ունեն հիդրոկարբոնատա-սուլֆատային բաղադրություն։ Շրջակայքում կան նաև «Նարզան» տիպի ջուր, բուժիչ ցեխ, ապակու հումք (կվարցիտներ)։ Ջերմուկի շրջապատն անտառապատ է։ Անտառի մի մասը տնկել են 1980-1990-ական թվականներին։
Ջերմուկի կլիման լեռնային է, իսկ օդը մաքուր՝ զերծ փոշուց և աղտովածությունից: Ամառն այստեղ զով է, ձմեռը՝ մեղմ, ձյունառատ ու պարզ: Ամենացուրտ ամիսը հունվարն է, երբ օդի միջին ջերմաստիճանը -9 աստիճան է, իսկ ամենատաք շրջանում՝ հուլիս-օգոստոս ամիսներին 14-16 աստիճան է լինում: Բացարձակ առավելագույնը 32 աստճան է, իսկ բացարձակ նվազագույնը՝ -35: Տարվա ընթացքում մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 800 մմ, իսկ արևափայլի տարեկան տևողությունը` 2340-2400 ժամ:
Ջերմուկ բնաշխարհը հարուստ է ջրով՝ Արփա գետի վտակներից բացի, քաղաքում բխում են նաև սառնորակ և տաք աղբյուրներ, որոնք օգտագործվում են խմելու նկատակով:
Տարվա ցանկացած եղանակի այստեղ կարելի է կազմակերպել հրաշալի և առողջարար հանգիստ:

Copyright © 2015 
Продвижение - IT Manager LLC

Design by W3layouts